Սեւանում կայացել է համայնքային մշակութային ռազմավարության մշակման ծրագրի շահակիցների առաջին հանդիպումը

Armenpress 12:37, 20 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Բիզնես կենտրոնում» կայացել է «Երազանքի այգի. մշակութային ՌեստԱրտ» համայնքային մշակութային ռազմավարության մշակման ծրագրի շահակիցների հետ առաջին հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակում։ «Այս ռազմավարությունը դառնալու է համագործակցության միջոցով մշակված մի փաստաթուղթ, որը ցույց կտա՝ ուր է ձգտում մեր համայնքը, եւ կարտացոլի բոլորիս ընդհանուր պատկերացումներն ու երազանքները Սեւանի ապագայի վերաբերյալ։ Իսկ բնակիչները կդառնան այդ տեսլականի կրողն ու գործարկողը։ Ծրագիրն իրականացվում է «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն», «Սեւան» երիտասարդական ակումբ», «Նոր արվեստի փուլ» ՀԿ-ների եւ Սեւանի համայնքապետարանի կողմից, որոնցից յուրաքանչյուրն այս գործում իր առաքելությունն ունի։ «Սևան» երիտասարդական ակումբը ծրագրի շրջանակում տեղացի երիտասարդների օգնությամբ բացահայտելու է Սեւանի նյութական եւ ոչ նյութական մշակութային ռեսուրսները, ներկայացնելու է համայնքում բնակվող եւ գործունեություն ծավալող արվեստագետներին։ Համայնքի մշակութային ռեսուրսների քարտեզագրում երբեւէ չի արվել։ Մենք նախատեսում ենք զարգացնել երիտասարդների հմտությունները՝ գտնելու եւ հանրայնացնելու մեր քաղաքի մշակութային ռեսուրսները»,- ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։ Ծրագրի ներկայացումից հետո ներկաները քննարկել են ծրագրի տարբեր բաղադրիչներին առնչվող հարցեր, առանձնացրել Սեւանի մշակութային զարգացման հիմնական ուղղությունները, առանձնահատկություններն ու հնարավորությունները։

 Ծրագիրն իրականացվում է EU4Culture՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող չորսամյա ծրագրի շրջանակում՝ Գյոթե Ինստիտուտի (ղեկավար), Չեխական Կենտրոնների, Դանիական Մշակութային Ինստիտուտի եւ Վրաստանում Ֆրանսիական Ինստիտուտի կողմից։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am