Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

Armenpress 19:50, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշվում է, որ ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 4 քաղաքացիական անձի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից  շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել և չեն թողել դուրս գալ այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հունվարի 10-ին, Ադրբեջանը  կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am