Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում

Armenpress 20:38, 5 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: 

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը և Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու: Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ երկխոսության համար թուրքական կողմից հատուկ բանագնաց էր նշանակվել Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Իսկ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Տարվա վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, բայց այն նախատեսված է 2022 թ. հունվարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am