Վստահ եմ, որ կարող ենք դառնալ ամուր և անխոցելի սահմաններով երկիր. ՀՀ նախագահ Սարգսյանն Ամանորի ուղերձ է հղել
ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի ուղերձ է հղել՝ վստահություն հայտնելով, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները, ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահն իր ուղերձում նշել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:
Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին: Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը: Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին: Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար: Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ: 30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։ Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև: Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։ Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու: Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում: Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը: Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը: Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար: Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:
Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը, ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:
Վաղուց ժամանակն է գիտակցել, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝ մեր բանակը, մեր աշխատանքը, մեր միտքը:
Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս: Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։
Հավատացե՛ք ձեր ուժերին, հարգե՛նք մեր երկիրը, հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի: Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն:
Սիրելի հայրենակիցնե՛ր, Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է: Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները: Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:
Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան: Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:
Թող 2022 թվականը մեր երկրի, մեր ժողովրդի, ձեզնից յուրաքանչյուրի և ձեր ընտանիքների համար լինի առողջության, խաղաղության, հաջողության, լիության և առաջընթացի տարի:
Թող բոլորիս ընտանիքներում տիրեն ջերմությունը, համերաշխությունը, ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ: Շնորհավոր Նոր տարի»: