ՄԱԿ-ի ՊՀԾ-ն և Երեմյան Փրոջեքսթը պարենի արժեշղթաների կարևորության վերաբերյալ կիսում են միևնույն տեսլականը

Armenpress 11:04, 29 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենային արժեշղթաները կարևոր դեր ունեն Հայաստանում աղքատության և թերսնման մակարդակի նվազեցման, և միևնույն ժամանակ երկրում պարենային ապահովության բարձրացման համար։ Նպատակ ունենալով մեծացնել պարենային ազգային ապահովությունը և դրանով իսկ նպաստել երկրի տնտեսական աճին՝ 2019 թվականից սկսած՝ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը (ՊՀԾ) ներդրումներ է կատարել Հայաստանի պարենային արժեշղթաներում։

Պարենամթերքի որակի և անվտանգության ապահովման նպատակով «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը ևս նույն թվականից մեկնարկել և իրագործում է «Սերմից` սեղան» մոտեցման վրա հիմնված բիզնես-զարգացման նոր ռազմավարություն, ինչը հատկապես կարևորվում է ՊՀԾ-ի առաքելության համատեքստում։

Կարևորելով մասնավոր հատվածի կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը պարենային արժեշղթաներ ստեղծելու գործում՝ ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել է «Երեմյան Փրոջեքսթ»-ի՝ Վայոց Ձորում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա։

Այցի ընթացքում Ելենա Միլոշևիչը շրջել է ֆերմայով և ծանոթացել ինչպես արտադրության գործընթացին, այնպես էլ սպասվող ծրագրերին։ Բացի այդ, ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը և «Երեմյան Փրոջեքսթ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը քննարկել են միմյանց հետ հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

«Սերմից՝ սեղան»-ը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորագույն մոտեցում է,  որով աշխարհում առաջնորդվում են պարենի և գյուղատնտեսության ոլորտների մի շարք կազմակերպություններ։ Այն հնարավորություն է տալիս կազմակերպություններին  վերահսկել սննդի արտադրության ամբողջ շղթան՝ սերմի ցանումից մինչև պատրաստի արտադրանքի սեղան հասնելը, և ստեղծել որակյալ պարենամթերք։

«Սերմից՝ սեղան»-ը ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի պարենային ազգային ապահովության խթանման ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից է, քանի որ միտված խթանել պարենային ապահովությունը՝  կառուցելով տեղական արտադրության վրա հիմնված սննդի արժեշղթաներ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am