Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թրյուդոյին

Armenpress 11:22, 25 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում կայացած մեր բովանդակալից զրույցը, որը հնարավորություն ընձեռեց մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Լիահույս եմ, որ Գլազգոյում տեղի ունեցած մեր հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին, և համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Կանադայի միջև առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am