Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Armenpress 17:45, 16 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները՝ արտահայտելով իր պատրաստակամությունը նպաստելու դրանց խորացմանն ու զարգացմանը:

Փոխվարչապետը նշել է, որ նախորդ կարգավիճակում երկկողմ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել և լավ փորձ է կուտակվել նույն ձևով շարունակելու ու հաջողություններ գրանցելու համար:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության լայն օրակարգ է ձևավորված, և բոլոր նախադրյալները կան ընթացիկ ծրագրերն առաջ տանելու և նոր նախաձեռնությունների համար:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, տեխնոլոգիական զարգացման ոլորտներում:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի բնագավառում ընթացող և նախանշվող ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության և «Ռոսատոմի» գործակցությանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am