Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը դիմորդների ծնողներին հրավիրում է հանդիպման

Armenpress 11:45, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հանդես է գալիս դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնությամբ և հանդիպման հրավիրում տնտեսագիտական կրթությամբ հետաքրքրված բոլոր դիմորդների ծնողներին։

«Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում /հասցե՝ Երևան, Նալբանդյան 128/ տեղի կունենա ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հանդիպումը դիմորդների ծնողների հետ։ Հանդիպման շրջանակներում կներկայացվեն համալսարանում առկա մասնագիտությունները, առաջարկվող կրթական ծառայություններն ու հնարավորությունները, ընդունելության գործընթացը, արտերկրում փոխանակային ծրագրերով ուսումնառելու պայմանները, հանրապետության առաջատար կազմակերպությունների հետ համալսարանի համագործակցության արդյունքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՊՏՀ-ից:

Նշվում է, որ հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ և նպատակ ունի ծնողների հետ սերտ հարաբերություններ հաստատելու ճանապարհով դիմորդներին օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ծնողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց առաջարկները, ստանալու պարզաբանումներ հետաքրքրող հարցերի առնչությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am