Կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան

Armenpress 12:15, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 40 ծրագրերի իրականացման համար 885 միլիոն 178 հազար դրամ կհատկացնի 36 համայնքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարությունը նման որոշում կայացրեց դեկտեմբերի 2-ի նիստի ժամանակ:

«40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են և պետական ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել:  Ծրագրերը իրականացվելու են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում:  Ակնկալվում է այս ծրագրով շինարարներին գումար հատկացնել` ոմանք աշխատանքները ավարտել են, ոմանք ավարտելու փուլում են գտնվում»,- ասաց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետը հետաքրքրվեց` որքանով կարելի է համոզվել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում: Գնել Սանոսյանն ասաց, որ նման խնդիր կա, և լրջագույն ուշադրություն է դարձվում շինարարության որակին:

« Նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, ովքեր մարզային և տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ: Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ նախագծային և շինարարական թերություններ կան, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, և շինարարներին տրվում է ժամկետ, որպեսզի շտկեն… Ցավոք, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ, մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավականին խիստ կվարվենք»,- եզրափակեց Սանոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am