Չպատվաստված քաղաքացիները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Armenpress 15:56, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով, շրջանառվող և պարբերաբար ի հայտ եկող նոր տեսակներով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճարակային կանոններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ հիմք ընդունելով միջազգային փորձը՝ սահմանվել է, որ աշխատողները դեկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: 

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am