Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Armenpress 19:39, 30 Նոյեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կառավարության ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am