«Կին» միջազգային 18-րդ փառատոնը կանցկացվի օնլայն և օֆլայն հարթակներում

Armenpress 18:33, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Կին» միջազգային կինոփառատոնը, որը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, 2021-ին կանցկացվի ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փառատոնից հայտնում են, որ 18-րդ  կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 29-30-ը:

Ցուցադրությունները կլինեն ՀԲԸՄ սրահում: Ֆիլմերը հասանելի կդառնան օնլայն հարթակում՝ ՀԲԸՄ սրահում ցուցադրությունից հետո։ Յուրաքանչյուր ֆիլմ նախատեսված է 300 օնլայն դիտումի համար: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու 51 ֆիլմ 19 երկրից։ Կցուցադրվեն ավանդական մրցութային ծրագիրը և հյուրերի ծրագիրը։ Հյուրերի ծրագրում կցուցադրվեն արդեն ճանաչված ֆիլմեր, որոնց առաջնախաղերը տեղի են ունեցել Բեռլինի կինոփառատոնում և Կաննի կինոփառատոնում։ Սելին Շիամայի «Փոքրիկ մայրիկը» և Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերը կունենան միայն կենդանի ցուցադրություններ։ 18-րդ «Կին» միջազգային կինոփառատոնն իր հարգանքի տուրքն է մատուցում հանրահայտ խորհրդային կինոռեժիսոր Եկատերինա Վերմիշևային: Փառատոնի ժյուրիի անդամներն են Լյուսիան Քերրին (պրոդյուսեր, ԱՄՆ), Ելենա Կուցենկոն (կինոգետ, Ռուսաստան), Թամարա Հակոբյանը (կինոգետ, Հայաստան), Կարինե Ավանյանը (լրագրող, Հայաստան), Հովհաննես Հակոբյանը (կինոռեժիսոր, օպերատոր, Հայաստան): Փառատոնի ավարտին կշնորհվեն մրցանակներ «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, դիպլոմներ, մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի հանդիսատեսի ձայների հաշվառման հիման վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am