Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը

Armenpress 20:04, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ,26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:

«Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և բոլորիս անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին»- գրել է Սահակյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am