Հայկական օծանելիքից, «խելացի տուն». Էկոնոմիկայի նախարարության «Made in Armenia» նախաձեռնությունը նոր թափ է ստանում

Armenpress 09:27, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Made in Armenia» նախաձեռնության շրջանակում նոր ծրագրերով հայկական արտադրությունն առավել ակտիվ կներկայացվի հանրության լայն շրջանակին: Ընթացիկ տարվա ամռանը մեկնարկած նախաձեռնությունը նոր թափ է ստանում: Իրազեկման ակտիվ գործընթացին զուգահեռ աշխատանք է տարվում խոշոր սուպերմարկետների հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքները լինեն հատուկ ցուցանակներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ, ծրագրի համակարգող  Գայանե Անտոնյանը նշեց, որ նպատակը խոշոր սուպերմարկետներում, խանութներում սպառողի համար հայկական արտադրանքն առավել տեսանելի ու հասանելի դարձնելն է:

«Այս ծրագրի շրջանակում շատերի հետ ենք առնչվել ու բազմաթիվ դեպքերում պարզ է դարձել, որ հայկական արտադրության մասին հասարակության շրջանում իրազեկման լուրջ խնդիր կա: Հայկական ապրանքների մասին ենք խոսում, որոնք շատերի համար զարմանալի են, առաջին անգամ են լսում, օրինակ, հայկական օծանելիքի արտադրությունը»,-ասաց  Գայանե Անտոնյանը:

«Made in Armenia» նախաձեռնության հիմնական ուղերձն այն է, որ կարևորվի հայկական արտադրությանը նախապատվություն տալը՝ դրանով օգնելով տեղական արտադրողին ու երկրի տնտեսությանը: Madeinarmenia.online հարթակում բուն արտադրանքը ներկայացնելուց զատ, նախաձեռնության շրջանակում շեշտը դրվում է հաջողված պատմությունների վրա:

«Մի կողմից սպառողների լայն շրջանում փորձում ենք ներկայացնել հայկական արտադրանքը: Լայն հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ ենք արտադրում ինչ արտադրություն ունենք: Մյուս կողմից էլ սպառողն արտադրողին պետք է ճանաչի նաև դեմքով: Հաջողված պատմությունները ներկայացնելուց հետո, շատերն են մեզ դիմում, որ ներգրավվեն նախաձեռնությունում»,-ասաց Գայանե Անտոնյանը:

Իրազեկման արշավի շրջանակում շեշտը դրվում է ինչպես սննդային արտադրության այնպես էլ ծառայություններ, նորարարություններ և ցանկացած այլ արտադրության վրա: Թե տեղական, թե արտասահմանյան հաջողություններ գրանցած արտադրողների պակաս չկա: Շատերին հետաքրքրել է հայկական «խելացի տուն» ծառայությունը, երբ հայազգի ծրագրավորողների թիմը թողարկում է տնային էլեկտրական և ջեռուցման ցանցի կառավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս մինչև 40 տոկոս էներգիա խնայել: Ընկերությունն արդեն իր սարքերի 9 մոդել արտահանում է Եվրամիություն, ԵԱՏՄ, Սինգապուր և այլն: Հաջորդ օրինակը, երբ հայ երիտասարդները ստեղծել են առցանց հարթակ, որը հնարավորություն է տալիս հմտանալ  մեքենայական ուսուցման և ծրագրավորման  ոլորտներում:  Հետաքրքրական է նաև հայկական արտադրության առցանց  հավելվածը՝ նախատեսված այգեգործների կամ տնային պայմաններում բույսեր աճեցնողների համար:

«Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա փորձում ենք դառնալ կամուրջ հայ արտադրողի և սպառողի միջև:Ակնկալում ենք, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածություն կլինի, ինչի արդյունքում կավելանան տեղական արտադրողների վաճառքի ծավալները»,-ասաց Գայանե Անտոնյանը:

Իրազեկման գործընթացներից զատ, հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել փառատոնների շարք հայ արտադրողների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am