Գյումրիում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ

Armenpress 20:50, 19 Նոյեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 19  ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո նոյեմբերի 19-ին Գյումրու երիտասարդական պալատում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնավաճառը կազմակերպել էր  «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի հետ համատեղ։ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի տեղեկացմամբ տոնավաճառին թեև ներկա էին 25 գործատուներ,  իրականում ներկայացված էին 127 գործատուներ՝  առաջարկելով 650-ից ավել թափուր աշխատատեղեր։

Ի տարբերություն մինչ այս մարզում կազմակերպված տոնավաճառների, այս  տոնավաճառն աննախադեպ է նրանով, որ մեկտեղվել էին ինչպես գործատուները, այնպես էլ պետական ուսումնական հաստատությունների ուսանողները՝ կրթությունից սահուն անցում կատարելու համար աշխատաշուկա։

«Ուրախ եմ, որ տևական դադարից հետո Գյումրիում կրկին բացվել է աշխատանքի տոնավաճառ։ Հույս ունեմ, որ այն կտա ցանկալի արդյունք և կդառնա կամուրջ գործատուների և աշխատանք փնտրողների միջև»,-տոնավաճառի բացմանը նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո կազմակերպվող տոնավաճառը ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում է իրականացվում, նպատակ ունի միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և մասնագիտական կրթական հաստատություններ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am