Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք

Armenpress 20:44, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություն են իրացրել նոյեմբերի 13-ին և Ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Խաշթառակ գյուղի մոտից, Աղստև գետի ափից, բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 30 և 29 տարեկան երկու տղամարդու, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձկնորսի ռետինե համազգեստ, ձուկ որսալու էլեկտրական ագրեգատ և ավելի քան չորս կիլոգրամ ձուկ: 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձուկն ինքն է որսացել Աղստև գետից` իր պատրաստած էլեկտրական ագրեգատով:

«Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքի աշխատակիցներին»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am