Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «SADA» գլոբալ մատակարարման կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Armenpress 11:48, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «SADA» գլոբալ մատակարարման կենտրոնի միջև նոյեմբերի 17-ին կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ և համահիմնադիր Հովիգ Սաֆոյանը:

«Հուշագրի նպատակն է ՀՀ տնտեսության զարգացման գործում ներգրավել սփյուռքի ներուժը, բարձր որակավորում ունեցող հայրենադարձված մասնագետներին ապահովել կայուն աշխատանքով, բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման բնագավառում ընդլայնել սփյուռքահայ մասնագետների ներգրավումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից

Բացի այդ, ընկերությունը համաձայնել է աջակցել գրասենյակի կողմից թվայնացման ոլորտներում սփյուռքի ներուժի հավաքագրման աշխատանքներին և այդ ներուժի ներգրավմամբ Հայաստանում լայնորեն կիրառելի դարձնել ամպային տեխնոլոգիաների նորարարությունները:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է համաշխարհային ճանաչում ունեցող «SADA» կենտրոնի հետ նման ձևաչափով համագործակցությունը:

««SADA»-ի մասին գիտեմ արդեն երկար տարիներ և միշտ հպարտություն եմ զգացել հայկական այս տեխնոմատակարարի համաշխարհային հաջողությունների մասին լսելիս: Առավել հպարտ եմ, որ այս տարի ընկերությունը Հայաստանում գլոբալ մատակարարման գրասենյակ հիմնեց, և մենք հնարավորություն ունենք հենց հայրենիքում համագործակցել ավելի սերտ և առարկայական: Հայկական սփյուռքը անվերջանալի մասնագիտական ներուժի աղբյուր է, և վստահ եմ՝ նման համագործակցությունների շնորհիվ կարող ենք այդ ներուժը ուղղորդել դեպի Հայաստան»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը:

««SADA»-ի ծառայությունների պահանջարկը գլոբալ IT աշխարհում արագ աճում է, ուստի մենք հայտարարել ենք, որ այստեղ՝ Հայաստանի գլոբալ մատակարարման կենտրոնում, կընդունենք ինժեներական տաղանդների ամբողջ աշխարհից: Իսկ հայազգի բարձրակարգ ինժեներներին պատրաստ ենք ընդունելու առանց քանակական սահմանափակման՝ մեր չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելին, մենք նրանց կաջակցենք հայրենիք տեղափոխության հարցերում: Ես ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ»,- նշել է «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանը: 

«SADA»-ն բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար է, մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: «SADA»-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական և այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am