Ռազմական գործողություններն ընթանում են ՀՀ սուվերեն տարածքում, ադրբեջանական զորքը պետք է լքի այդ տարածքը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևին

Armenpress 17:29, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, մանրամասնելով, որ զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողություններն ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը: Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am