Մեծամորի 2-րդ էներգաբլոկը արդյունավետ կաշխատի 15 տարի. Ալեքսեյ Լիխաչով

Armenpress 19:05, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը համալիր արդիականացման է ենթարկվել, վերականգնվել և ամրապնդվել են կայանի բոլոր կենսական տարրերը, այդ թվում նրա «սիրտը»՝ ռեակտորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Մեծամորի ատոմակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ խոսելով ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու ծրագրի ավարտի մասին:

«Եթե թույլ տաք՝ ես որոշ համեմատություններ կանեմ մարդու օրգանիզմի հետ: Առաջին հերթին մենք լրջորեն վերականգնել և ամրապնդել ենք կայանի «սիրտը»՝ ռեակտորը: Պարզ ասած՝ երիտասարդացրել ենք ռեակտորը: Երկրորդը՝ խորապես արդիականացվել, գործնականում փոխարինվել է մեքենայական դահլիճը՝ էլեկտրաէներգիայի գեներացման դահլիճը՝ էներգիան վերարտադրող գլխավոր «մկանը», որի համար էլ առհասարակ գոյություն ունի ատոմային էլեկտրակայանը: Բացի այդ՝ «արյունատար համակարգը», ինչպես նաև «ուղեղը», իսկ ավելի կոնկրետ՝ կառավարման ավտոմատացված համակարգը (АСУ ТП) շատ բաղադրիչներով կամ արդիականացվել են, կամ էլ ամբողջությամբ փոխարինվել են: Ուստի այսօր կարող ենք խոսել ոչ թե պարզապես վերանորոգման, այլև կայանի արդիականացման աշխատանքները ավարտելու մասին», -  «Արմենպրես»-ին հայտնեց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը:

Լիխաչովի խոսքով՝ այդ ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ քիչ ավելի հին Կոլայի ատոմակայանի համանմանությամբ Մեծամորի 2-րդ էներգաբլոկի համար կարելի է կանխատեսել առնվազն 15 տարվա կայուն և արդյունավետ աշխատանք:

«Շարունակելով հետազոտությունները, տեխնոլոգիական փոքր աշխատանքները պլանային վերանորոգումների ընթացքում՝ մենք մեր կողմից տեսնում ենք կայանի աշխատանքի հեռանկարը մոտավորապես մինչև 2035-36 թթ.: Բայց ինչպես դրան մոտենալ, ինչ աշխատանքներ և երբ կազմակերպել՝ դա, իհարկե, առաջին հերթին հայկական կողմի, համապատասխան կարգավորողի պատասխանատվության հարցն է: Եվ մենք էլ սերտորեն կհամագործակցենք մեր գործընկերների հետ», - հավելեց Ալեքսեյ Լիխաչովը:

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման և մինչև 2026 թ. շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտի կապակցությամբ, ՀՀ ՏԿԵ նախարարի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին, այսօր այցելել էր Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայան:

 

Արամ Սարգսյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am