ՀՀ ԱԽ քարտուղարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքով սահմանին ստեղծված իրավիճակը

Armenpress 18:41, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս  գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Ըստ աղբյուրի՝ Արմեն  Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am