Հայաստանի 5 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

Armenpress 13:24, 14 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են նոյեմբերի 14-ին անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնկան ընտրական հանձնաժողովից, նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 167 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 20 զանգվածային լրատվության միջոցներ:          

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am