Ընթացքի մեջ են Գավառ քաղաքի մշակույթի տան եւ գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները

Armenpress 21:40, 5 Նոյեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են գտնվում  մշակույթի տան եւ գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 159 միլիոն  304 հազար դրամ, որի 50 տոկոսը  հատկացվում  է համայնքի բյուջեից, մնացած 50 տոկոսը՝ պետբյուջեից:

Ծրագրով  նախատեսվում է հիմնանորոգել Գավառ քաղաքի մշակույթի տան շենքի 500 տեղանոց  դահլիճը, կատարել համաշինարարական աշխատանքներ, անցկացնել ջեռուցման համակարգ եւ վերջնական տեսքի բերել շենքի դիմային հատվածը եւ հիմնանորոգել  Գավառի գեղարվեստի դպրոցի շենքն ամբողջությամբ, որն ունի շուրջ 700 քառակուսի մետր տարածք ու  նորոգման չի ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերից։ Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքները գեղարվեստի դպրոցում ավարտված են մոտ 60 , մշակույթի տանը՝ մոտ 20 տոկոսով։ Գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում, իսկ մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն եւ կավարտվեն 2022 թվականին։

Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am