Արման Թաթոյանը ևս մեկ անգամ պնդեց` սահմանների շուրջ անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի  

Armenpress 11:42, 3 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բացառապես փաստերով հիմնավորել է սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի հանցավոր արարքները և ցույց տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նոյեմբերի 3-ին հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ըստ այդմ հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները, տարբեր տեսակի սարքավորումները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և համայնքներն իրար կապող ճանապարհներից: Չի կարող լինել առանց դրա իրավունքների վերականգնում և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում: Ընդ որում, դա ոչ թե պետք է լինի մեր հաշվին, այլ նրանք պետք է հեռանան: Արտահերթ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղակայումներն առանց որևէ բացառության անօրինական են: Նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ պատերազմի սպառնալիքի ներքո, առանց մասնագիտական աշխատանքի վերլուծությունների»,- շեշտեց Թաթոյանը:

ՄԻՊ-ն ընդգծեց` սահմանազատման և սահմանագծման գործընթացի բացակայության պայմաններում հիմք չի ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ:

«Այստեղ անհարաժեշտ էր վերլուծել և ուսումնասիրել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հետ կապված հարցերը: Ունենք դեպքեր, երբ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը:  Միջազգային հստակ պահանջ է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության կանոններին և չեն ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- եզրափակեց Թաթոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am