«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի հաղթողը Մոսկվայում տեղի ունեցող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը

Armenpress 17:34, 1 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Էդուարդ Միրզոյանի և Էդուարդ Աբրահամյանի ռոմանսներով Հայաստանի երաժշտական բուհերի ուսանողները մասնակցել են II-րդ «Հայկական Ռոմանսիադա»-ին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնից, նշելով, որ ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում երկրորդ անգամ անցկացվել է ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի տարածաշրջանային ընտրական փուլը:

Տարածաշրջանային փուլի արդյունքով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի է ունեցել  գալա-համերգ, որտեղ ընտրվել են հայկական «Ռոմանսիադայի» հաղթողները: Մրցանակակիրներն արժանացել են դափնեկիրների կոչումներին, ինչպես նաև՝ ստացել են դիպլոմներ և մրցանակներ: 

Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (գեղ.ղեկավար Լևոն Ջավադյան) մենակատար  Անի Քուշյանը, ով ներկայացրեց «Աղաչանք» ստեղծագործությունը: 

Երկրորդ տեղը կիսել են Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գառնիկ Եղիազարյանը և Սառա Հակոբյանը:  Երրորդ տեղում էր  Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆիա Սիմոնյանը:

Մրցույթին գնահատվում էր հեղինակային ոճը, արտիստիզմը, մասնագիտական հմտությունները և անհատականությունը։

«Ռոմանսիադան Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև մշակութային սերտ համագործակցության վառ ապացույցն է: Մրցույթը դարձել է ավանդական՝ նպաստելով ռուսական ռոմանսի առավել զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև ստեղծվում են կապեր և համագործակցություններ տարբեր երկրների մշակութային գործիչների միջև։ Մենք ունենք նաև ազգային ռոմանս անվանակարգ, որը շնորհվում է հայկական ռոմանսի կատարման համար»,- նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մրցույթի ժյուրին գլխավորում էին ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գալինա Պրեոբրաժենսկայան և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:

«Նախորդ տարի, համավարակով պայմանավորված, մրցույթն օնլայն էր։ Ուրախ եմ, որ Երևանում եմ և իրականում կարող եմ վայելել երիտասարդների գերող և  զգայական ելույթները: Օնլայն հարթակները չեն կարող փոխանցել կատարումների հոգին։ Շատ տաղանդավոր ու մեծ ապագայով երիտասարդներ կան։ Ցավոք, ինձ հետ Մոսկվա կարող եմ տանել միայն մեկին»,- նշեց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։

«Ռոմանսիադան տարեցտարի նոր  թափ է հավաքում և նոր մակարդակի է բարձրանում ռոմանսի մշակույթը։  Հուսով եմ, որ առաջիկայում մրցույթի աշխարհագրությունը կընդլայնվի՝ ներառելով մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից», - նշել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:

Համերգին մասնակցել են նաև Ռուսաստանից հրավիրված արտիստներ, բազմաթիվ երգի մրցույթների դափնեկիրներ Պոլինա Գարաևան և Վասիլիսա Շապլիկոն: Որպես հյուր ներկայացավ նաև անցյալ տարվա հայկական «Ռոմանսիադայի» հաղթող Տիգրան Մելքոնյանը։

Մրցույթի հաղթողը դեկտեմբերին կմասնակցի Մոսկվայում կայանալիք մրցույթի եզրափակչին և կներկայացնի Հայաստանը:

Առաջին «Հայկական Ռոմանսիադան» կայացել է նախորդ տարի: Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը ստեղծվել է 1996թ.-ին  Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գ. Ս. Պրեոբրաժենկայայի կողմից: Առաջին Ռոմանսիադան անցկացվել է 1997 թվականին։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am