Աթենա Մանուկյանը երաժշտասերներին նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել

Armenpress 15:29, 29 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը, որը եվրատեսիլյան Chains On You երգով կարճ ժամանակամիջոցում նվաճեց հայ երաժշտասերների սրտերը, երկրպագուների դատին է հանձնել OMG երգը:

Երգի երաժշտության հեղինակներն Աթենա Մանուկյանն ու դիջեյ Պակոն են, խոսքերը գրել են Աթենա Մանուկյանն ու Աննեմարի Էյֆելդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Գրեգ Ստոիկոսն է, արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, երգեր է հեղինակել, երգ գրել «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար:

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և շահել առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, To Fili Tis Aphroditis երգով մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին:

2011 թվականին թողարկվել է երգչուհու առաջին սինգլը՝ Party Like A Freak-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլիոնավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի:  2012 թվականին թողարկվել է երգչուհու հերթական՝ I Surrender սինգլը, որը շատ արագ դարձել է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

Աթենան 2018-ին որպես հրավիրյալ արտիստուհի հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին:

2020 թվականին հաղթել է հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական մրցույթում և պատրաստվում էր իր հեղինակած Chains On You երգով մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, սակայն ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am