Ոստիկանները Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի

Armenpress 21:59, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի ընթացքում հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հոկտեմբերի 26-ի երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 150-ից ավելի անձ, ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեն, դանակներ, կռփազենքեր, մահակներ, կեղծ ու գողացված համարանիշեր։ «Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բացի այդ, երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի հայտնաբերման դեպք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև Սարի թաղում հաշվառված 27-ամյա երիտասարդ, որը Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am