Քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին

Armenpress 10:39, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք հոկտեմբերի 23-ին, քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար, ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում:

Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև հիշեցնում է հնարավոր քրեական պատասխանատվության մասին, որը կարող են կրել քաղաքացիները, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը կամ ուղեւորների կյանքին ու առողջությանը։

Ընկերությունը նաև ծնողներին կոչ է անում բացատրել երեխաներին և դեռահասներին երկաթուղու վրա անպատասխանատու պահվածքի հնարավոր ծանր հետևանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am