Թիվ 31 ՏԸՀ-ն քաղաքական ուժերին հայտարարեց Գյումրու ավագանիում մանդատների բաշխման մասին

Armenpress 16:47, 24 Հոկտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 24  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն  հոկտեմբերի 24-ին հայտարարեց հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ թիվ 31 ՏԸՀ  նախագահ Տիգրան Ղազարյանն ընտրական շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչներին շնորհավորեց Գյումրու ավագանու կազմում ընդգրկվելու ու քաղաքակիրթ պայքար մղելու համար:

Տիգրան Ղազարյանը շնորհավորեց նաև ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին՝ իրենց մասնակցության համար: «Հաշվի առնելով այն, որ  ոչ մի բողոք ու վերահաշվարկի պահանջ հանձնաժողովը չի ստացել, այսօր 12:00-ին հանձնաժողովը արձանագրեց ընտրությունների արդյունքները»,- նշեց Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ 109 453 ընտրողից ընտրության մասնակցել է 26 468  քաղաքացի:

Համաձայն ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 3  և 4 կետերի՝ մանդատների բաշխումը իրականացվել  է հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինք» կուսակցություն՝ 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11, «Զարթոնք» կուսակցություն՝ 4 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն՝  2, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 2 մանդատ:

Քաղաքական ուժերը իրենց անվանական մանդատները հանձնաժողովից կարող են վերցնել հոկտեմբերի 28-ին:

 

Արմենուհի Մխոյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am