Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն»-ի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային, «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին եւ նույն ծրագրի հաղորդակցման վարչության գծով պատասխանատու Իննա Գալոյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը Գեղարքունիքի մարզում ներդնելու հարցը։ «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն»-ի գրասենյակի ղեկավարը եւ ծրագրի պատասխանատուն հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները:
«Ծրագրի նպատակն է աջակցել մարզի բնակիչների եւ նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրին միանալու համար շահառուները նախ կմասնակցեն երկամսյա օնլայն դասընթացների, որը հաջողությամբ ավարտելուց հետո նրանց հնարավորություն կտրվի ներկայացնել անհատական բիզնես պլաններ: Հավանության արժանացած բիզնես առաջարկները կարող են իրագործվել ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի եւ շահառուի կողմից ներդրված նույնչափ գումարի համադրմամբ: Այս ծրագրից կարող են օգտվել ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այնպես էլ արդեն որոշ ժամանակ գործող բիզնես ունեցողները»,- ներկայացրել է ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը:
«Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն»-ի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրայի տեղեկացմամբ՝ տրամադրվելիք դրամաշնորհի չափը մեկ շահառուի կողմից ներկայացրած բիզնես գաղափարի համար կազմում է մոտավորապես 2000-ից 10.000 եվրո: Դիմորդները պետք է կատարեն իրենց տրամադրվելիք դրամաշնորհի գումարի չափով ներդրում, որը դրամաշնորհ ստանալու պարտադիր պայման է հանդիսանում:
«Դրամաշնորհը պարտադիր պետք է համալրվի շահառուի կողմից հատկացվող նույնքան գումարով: Այն կարող է օգտագործվել հիմնական միջոցների՝ այդ թվում գույքի, արտադրամասի, տեխնիկական միջոցների եւ հումքի, ինչպես նաեւ բրենդավորման կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծրագրի շրջանակներում չեն կարող ֆինանսավորվել առեւտրային գործունեությանը, ֆինանսավարկային եւ ֆինանսական գործունեությանը, արտարժույթի փոխանակմանը, մոլախաղերին ուղղված գաղափարները»,- նշել է Կարել Հոֆսթրան:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է ծրագիրը Գեղարքունիքի մարզում ներդնելու գաղափարը եւ նշել, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցելու ծրագրի հաջող իրականացմանը:
Գեղարքունիքի մարզում «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի տեւողությունը 48 ամիս է: Այն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: Գեղարքունիքի մարզում ծրագրի իրագործման նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում կկայանա ևս մեկ առավել ընդլայնված հանդիպում- քննարկում:
Խոսրով Խլղաթյան