ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում

Armenpress 16:45, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Անվտանգության խորհրդից, հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգության միջավայր ձևավորելու հրամայականում:

Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am