Ռուստամ Բադասյանը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Մեղրու սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները

Armenpress 20:55, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում կարևորվել են Մեղրու սահմանային անցակետի վերակառուցմանն ու արդիականացմանը, ինչպես նաև Մեղրի-Նորդուզ անցակետերի միջև տրանսպորտային հոսքերի բարելավմանը միտված աշխատանքները։

«Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 7-ին Մեղրու սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրու սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրու անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տարեցտարի տվյալ անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով։ Մեղրու անցման կետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի վերջինով տարանցիկ փոխադրումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am