Շվեյցարիան աջակցում է ՀՀ-ի հակակոռուպցիոն ջանքերին․ Անդրեասյանն ընդունել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Armenpress 19:31, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից,  Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վերներ Թութին հանդիպման հրավերն ընդունելու և Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար՝ ուղղված օրենքի գերակայության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Այդ համատեքստում, Կարեն Անդրեասյանը նաև բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման առաջատար իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի  ստեղծման աշխատանքներին ցուցաբերվող օժանդակությունը։

Ըստ աղբյուրի՝ Վերներ Թութի հետ զրույցի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրել է բարեփոխումների օրակարգը՝ ուղղված քրեակատարողական, ոստիկանության, դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են թվարկված ուղղություններով ևս համագործակցելու հնարավորություններն ու պայմանավորվել են զարգացնել  առկա փոխգործակցությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am