ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին

Armenpress 17:36, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ ողջույնները և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ:

ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ: Քննարկվել են տարբեր ձևաչափերով, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության խթանման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը՝ ընդգծելով այդ ձևաչափի նշանակալիությունը:

Տոյվո Կլաարն ընդգծել է՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է օժանդակել տարածաշրջանում վստահության և երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին, որը կնպաստի խաղաղության և կայունության ապահովմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am