Լճաշենի միջնակարգ դպրոցի շրջանավարտը հաղթել է միջազգային մրցույթում

Armenpress 14:52, 21 Հոկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Քրիստինե Միրաքյանը 14 -օրյա հրավերով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Գերմաներեն լեզվի մայրաքաղաք» Մանհայմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը,  Քրիստինեն մասնակցել է «Իմ օրվա հերոսը» թեմայով ստեղծագործությունների մրցույթին եւ 32 երկրների 186 մասնակիցների մեջ  «Լավագույն պատմվածք» անվանակարգում արժանացել է առաջին կարգի մրցանակի:

«Պատմվածքի հերոս բժիշկը պայքարում էր երկու ճակատով. մեկը թագավարակի դեմ կռվի, մյուսը՝ Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի: Ցավոք, այս մարտերում մեր հերոսը զոհվեց, սակայն մարդկությանը փորձեց հավատացնել, որ հաղթանակները միայն պատերազմներով չեն կերտվում, այլ աշխատանքի նկատմամբ սիրո և նվիրումի արդյունքում: Օրվա հերոսի պատմությունն աշխարհի 32 երկրների ուշադրությանն արժանացրեց մեր փոքր երկրի մեծ խնդիրները: Ու մենք անչափ հպարտ ենք, որ մեր դպրոցի աշակերտն իր գիտելիքներով, դաստիարակությամբ ու շնորհքով կարողանում է աշխարհին ներկայացնել մեր հայրենիքը՝ իր հարուստ մշակույթով ու պատմությամբ, իր դժվարին մաքառումներով»,-  նշեց Աիդա Մուրադյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am