Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

Armenpress 17:56, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը: 

«Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների գործունեությունը և դերը շատ կարևոր են: Դուք աշխատում եք անմիջապես անհատների հետ, և մարդկանց ակնկալիքները ձեզնից շատ մեծ են»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշպատակազմից, նշել է Արմեն Սարգսյանը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը,  նախագահ Սարգսյանին տեղեկացնելով, որ Հայաստանում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում փորձի ուսումնասիրման նպատակով, նշել է, որ Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am