Արցախի հարցը հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու և իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ է. ՀՀ նախագահ

Armenpress 18:01, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ հոկտեմբերի 11-ի առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան քահանայապետին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորված բարձր մակարդակի ու կառուցողական երկխոսության համար: 

«Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի առաջին դեսպան՝ ինձ համար հոգեկան մեծ բավարարվածություն և պատիվ է Առաքելական պալատ վերադառնալը»,-ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ առանձնակի հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը՝ ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Նորին Սրբության՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները: 

«Այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում և մտքում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին: Դրա լավագույն վկայությունն են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանցիսկոս Պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:

Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am