Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

Armenpress 12:51, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ ծրագիրը ներառում է 90 շենք:

«Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հաջորդիվ կայացել է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են իրականացված աշխատանքները, ծրագրի 2-րդ փուլի համար գնումների գործընթացի, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am