Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին

Armenpress 14:57, 7 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, նախ, վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ՝ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը և բացառիկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և երախտագիտություն հայտնել Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am