Նրանք ընկան, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն ապրել հայրենի հողում. Արցախի նախագահն ընդունել է զոհված ուսուցիչների հարազատներին

Armenpress 16:55, 5 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ երկրի ղեկավարը, հայտնելով իր խորին ցավակցությունն ու զորակցությունն, ընդգծել է, որ նրանք մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում։

«44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, սաները, հարազատները: Նրանք ընկան, որպեսզի կանգուն մնա  Արցախը, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն  ապրել հայրենի հողում», - նշել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am