Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը

Armenpress 20:04, 4 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ըստ աղբյուրի՝ նախարարները գոհունակություն են հայտնել դարերի խորքից եկող հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել փոխվստահության վրա հիմնված փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին՝ ընդգծելով նպատակային քայլերի իրականացման կարևորությունը՝ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ, այդ թվում՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Քննարկվել է նաև զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումը։ Այս համատեքստում, նախարարները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը և արդյունավետ կիրարկումը։

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Եվրասիական Միություն-Իրան համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն իրազեկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի հեռանկարների շուրջ:

«Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի քննարկման առանցքային թեմաներից էին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների՝ շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով նաև ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, որի համաձայն, հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am