Բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի է․Վահագն Խաչատուրյան

Armenpress 13:38, 1 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Ճապոնիայի տնտեսական հաջողություններին, որոնցում առանձնահատուկ դեր ունեն բարձր տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով, Հայաստանի տնտեսության առաջընթացի, մասնավորապես բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում, Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի կարող է լինել։ Խոսելով երկու երկրների միջև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ Վահագն Խաչատուրյանն առանձնացրել է հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացվող գործընթացները։ Նախարարը շեշտել է, որ  Ճապոնիան թվային արդյունավետությամբ աշխարհում առաջատարներից է, և այս ոլորտում արդյունավետ համագործակցության իրատեսական նախադրյալներ կան։

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, նշել, որ Հայաստանը՝ որպես գործընկեր,  շատ կարևոր երկիր է  Ճապոնիայի համար։ Ֆուկուսիմա Մասանորին կարևորել է տնտեսական կապերի՝ այդ թվում տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը, երիտասարդների համար փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար բազմաթիվ ռեսուրսներ կան, և ճապոնական կողմը համագործակցության մի շարք հնարավորություններ է տեսնում մեր երկրում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ 2022 թվականին ճապոնացի փորձագետների խումբը կաշխատի մեր մասնագետների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am