Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Armenpress 18:35, 30 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձևում:

«Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջև: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն ու երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձևակերպել ու առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am