Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Armenpress 16:48, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։       

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։

Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է  գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը և նշել, որ տպավորված է նրանց աշխատանքից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, դատաիրավական ոլորտի թվայնացման գործընթացին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը։

Նշվում է, որ առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, քննարկվել է Հիմնադրամին ցուցաբերվող աջակցության շարունակական ապահովման հնարավորությունը։

 

  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am