Մասնագետը քաղաքացիներին ու բուժաշխատողներին հորդորում է զերծ մնալ պատվաստման թերթիկները կեղծելուց
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը հորդորում է քաղաքացիներին ու բուժաշխատողներին զերծ մնալ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման թերթիկները կեղծելուց:
«Պատվաստման կեղծ սերտիֆիկատ ստանալը շատ վտանգավոր եմ համարում: Մարդիկ կեղծ սերտիֆիկատ են ձեռք բերում, հետո իրենք հիվանդանում են կորոնավիրուսով, հիվանդությունը ծանր ընթացք է ունենում, նույնիսկ մահ է գրանցվում, և ասում են, թե պատվաստված էր՝ մահացավ: Այս երևույթը կարող է շատ վատ անդրադառնալ պատվաստման գործընթացի վրա»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Վարդուհի Պետրոսյանը:
Մասնագետի խոսքով՝ պատվաստումային թերթիկների հետ կապված խնդիրը հատկապես կա հետխորհրդային երկրներում, ինչը կարող է աղավաղել պատվաստումների պատկերը:
ՀՀ ԱԱԾ-ն օգոստոսին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պոլիկլինիկայի բժիշկն ապօրինի վարձատրության դիմաց առանց պատվաստելու կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ է տրամադրել քաղաքացուն: