Հայաստանի և Լեհաստանի պետական արխիվները ու Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնը հուշագիր կստորագրեն

Armenpress 17:54, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, լեհ պատմաբան, հայագետ Յակուբ Օշիեցկուն: Հանդիպմանը նշվել է, որ փոխգործակցության շրջանակում  նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային արխիվից, զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը, հայերի նկատմամբ ցուցաբերվող պետական բարձր հոգածությանը, մասնավորապես, Լեհաստանի Սեյմի 2017թ.-ին ընդունած «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնությունների 650-ամյա տարեդարձի մասին» հատուկ բանաձևին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում փոխգործակցությանը: Այդ համատեքստում Յակուբ Օշիեցկին նշել է, որ Հայաստանի ազգային արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին։

«Գրիգոր Արշակյանը,  բարձր գնահատելով հայագիտության ոլորտում օտարազգի գիտնականների կատարած նշանակալի ներդրումը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնին:

Նշվել է, որ փոխգործակցության շրջանակում  նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է  հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համատեղ հետազոտությունների կատարումն ու միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակումը:

Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվել է 2019թ.-ին՝ Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանում: Այն հիմնադրվել և ֆինանսավորվում է Լեհաստանի գիտության նախարարության կողմից ու Լեհաստանում մեծ հեղինակություն վայելող Արվեստների և գիտությունների ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումն է: Կենտրոնի ծրագրերի գլխավոր առանցքը լեհահայության պատմության ու արխիվային մատենագիտության ուսումնասիրությունն է, արխիվային և վերլուծական հետազոտությունների կատարումն ու արդյունքների տարածումը:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am