Վերակառուցվում է Մարտունու Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակը

Armenpress 19:07, 22 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի վերակառուցման աշխատանքները։  

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է բազալտե եզրաքարերի տեղադրում 600 գծամետր երկարությամբ, 4000 քառակուսի մետր մակերեսով սալիկապատում տարբեր գույների սալիկներով, կանաչապատ գոտու ստեղծում, շատրվանների, սրճարանի եւ ճեմուղու կառուցում։ 

«Շինարարական աշխատանքները սկսվել են երկու շաբաթ առաջ եւ ավարտի կհասցվեն մեկ ամսից։ Արդեն տեղադրվել են բազալտե եզրաքարերը, նախապատրաստվում է կանաչ գոտու եւ ճեմուղիների կառուցումը։Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը մնում է իր տեղում։Շինարարական աշխատանքների ավարտից հետո հրապարակը կդառնա մեր քաղաքի ամենագրավիչ ու տեսարժան վայրերից մեկը»,-նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Խոսրով Խլղաթյան  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am