ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում

Armenpress 19:02, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համարել կարևոր գործիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տեսանկյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Տաշքենդում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մինսկի խմբի ձևաչափը ռուսական կողմի համար պահպանում է արդիականությունը՝ Ռուդենկոն նշել է, որ այն անգործության մատնված չէ:

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, սակայն շարունակվում են: Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում և բարձր մակարդակով: Ներկայում համանախագահների եռյակը ծրագրում է հանդիպել Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ընդ որում հանդիպել ինչպես իրար, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել»,- հայտարարել է Ռուդենկոն:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am