2021 թվականի «Ավրորա»-ի դափնեկրին կառաջարկվի մրցանակային գումարի մի մասն ուղղել Արցախի հրատապ խնդիրների լուծմանը

Armenpress 12:02, 16 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի հիմնական նպատակների բարեփոխման մասին․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ֆոնդից այսուհետեւ միջոցներ կհատկացվեն նաեւ մարդասիրական անհապաղ օգնության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որեւէ մեկի հաղթահարմանը:

2016 թվականից սկսած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամեն տարի 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակ է շնորհում բացառիկ հերոսների՝ ճանաչման արժանացնելով նրանց կատարած մարդասիրական աշխատանքը: Այս մրցանակը «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի եզակի դրսեւորում է. մրցանակի դափնեկիրները շարունակում են նվիրատվության շղթան՝ գումարի 90%-ը նվիրաբերելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:Բացի այդ, այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին մրցանակի 250.000 ԱՄՆ դոլարն (կամ 25%-ը) ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների լուծմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնում են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:

Հինգ տարի անց մրցանակը վերահսկող հանձնաժողովը, խորհրդակցելով «Ավրորայի» դափնեկիրների հետ, որոշել է փոփոխել դրա կառուցվածքը՝ արագ արձագանքելու համաշխարհային մարդասիրական ճգնաժամերին: «Ավրորայի» դափնեկիրները «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի եւ նախաձեռնության համահիմնադիրների հետ կորոշեն, թե հատկապես որ հրատապ խնդրին արձագանքել՝ ուղղելով միջոցներ:

«Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է հակամարտության գոտում շարունակվող մարդասիրական ճգնաժամի պայմաններում, ես գիտեմ, թե որքան խիստ է օգնության կարիքը: Այդ պատճառով ես լիովին աջակցում եմ նման խնդիրների հաղթահարմանը եւ դրանց դեմ պայքարող մարդկանց աջակցելուն առաջնահերթություն տալու որոշմանը»,- նշեց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան:

Վերջնական փուլում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կհամագործակցի այդ տարվա դափնեկրի հետ՝ ընտրելու կամ մշակելու մինչեւ երեք նախագիծ, որոնց կտրվի մասնակի կամ մեկնարկային ֆինանսական աջակցություն: Արդյունքում «Ավրորա» մրցանակից 500.000 ԱՄՆ դոլար կհատկացվի ընտրված ճգնաժամային գոտուն: Մրցանակի մնացած 500.000 ԱՄՆ դոլարը կբաշխվի՝ համաձայն «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքի. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կշարունակի նվիրատվության շղթան եւ գումարը կհատկացվի մինչեւ երեք մարդասիրական կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Գումարը կբաշխվի՝ ըստ դափնեկրի առաջարկած չափաբաժինների:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Իսկ հիմա 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները շարունակվում են: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը ցանկացած ոք կարող է առաջադրել թեկնածուների, որոնք ուրիշներին օգնելու համար հաղթահարել են անձնական մեծագույն մարտահրավերներ եւ դրսեւորել են նվիրվածություն ու խիզախություն եւ ունեցել մեծ ազդեցություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am