Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը փակած գիտավանի բնակիչները հանդիպում են պահանջում Մարությանի հետ

Armenpress 13:56, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ փակել են Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գիտավանի՝ հանրությանն ավելի հայտնի «ֆիզգորոդոկի» բնակիչները պահանջում են, որպեսզի Հայկ Մարությանը հանդիպի իրենց հետ և ներկայացնի այդ տարածքում շինթույլտվության իրավաչափությունը։

«Մեր հասցեում ապօրինի շինարարություն է իրականացվում, մենք բազմիցս բողոքել ենք, և Երևանի քաղաքապետը հնարավորություն ուներ կանխելու այդ ապօրինությունների շղթան։ Վերջինս հուլիսի 29-ին շինթույլտվություն է տրամադրել, ինչից հետո կառուցապատողը սկսել է փորման աշխատանքներ, մեզ բռնության են ենթարկել, այսօր էլ տապալեցին 50-60 տարեկան հսկա ծառերը»,- ասաց բնակիչներից մեկը։

Քաղաքացիները նաև պահանջում էին, որպեսզի գոնե ժամանակավորապես դադարեցվի շինարարությունը, որպեսզի ընդունելի լուծում գտնվի, ծառերը հնարավոր լինի փրկել։

Ոստիկանները քաղաքացիներից պահանջեցին բացել փողոցը և չխանգարել երթևեկությանը։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած գիտավանի բնակիչներին։

Վերջիններիս հետ խոսելու էին իջել «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը և «Լույս» խմբակցությունից ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

«Ես տեղյակ եմ, թե ինչն է խնդիրը, ինչպես նաև գիտեմ մեր լիազորությունների շրջանակը։ Ընթացակարգեր կան, որոնց պետք է հետևել՝ կա քննություն և քննիչի միջնորդություն»,- դիմելով բնակիչներին՝ ասաց Երիցյանը։

Քաղաքապետարանից բնակիչներին տեղեկացրին, որ 3-4 հոգի կարող են հանդիպել իրավաբանի հետ, որպեսզի հստակ ստանան իրենց հարցի պատասխանը։ Նրանք որոշում կայացրին մի քանի հոգով գնալ գիտավան՝ թույլ չտալու շինարարության շարունակությունը և ծառերի տապալումը։

Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ օգոստոսի 23-ին ևս ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև և պնդել, որ շենքի կառուցումն ապօրինի է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am