«Եվրոպա» ամենամյա մրցույթին Հայաստանը ներկայանում է յուրահատուկ նամականիշով. քվեարկությունն սկսված է

Armenpress 10:18, 7 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակույթը հանրահռչակելու նպատակով «ՀայՓոստ» ընկերությունը հետաքրքիր փոստային նամականիշով մասնակցում է  «Եվրոպա» ամենամյա մրցույթին: Նամականիշի վրա պատկերված է ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված քարարծիվ գիշատիչ թռչունը՝ հայկական լեռների խորապատկերին:

Մրցույթի քվեարկությանը, որն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 9-ը, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Նախաձեռնության նպատակի, կարևորության, նամականիշերի յուրահատկության և առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «ՀայՓոստի» Ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանի հետ:

«Յուրաքանչյուր նամականիշ պատկերում է տվյալ երկրի մշակութային որևէ խորհրդանիշ: Եթե ուսումնասիրենք Հայաստանի նամականիշերը, կտեսնենք, որ դրանք ևս անմիջական կապ ունեն մեր մշակույթի հետ: Մենք նամականիշերն անվանում ենք «երկրի  պատկերավոր դեսպաններ», որոնք շրջում են ամբողջ աշխարհով՝ ճանաչելի դարձնելով մեր հարուստ ժառանգությունը: Հաճախ ենք ասում՝ ինչպես զինանշանը, դրոշը, այնպես էլ նամականիշը որոշ չափով երկրի ինքնության մի մասն է, մշակույթի մի մասը»,-շեշտում է Ալեքսանյանն ու հավելում՝ դա է պատճառը, որ մեծ նշանակություն են տալիս նամականիշերի միջազգային մրցույթներին, որոնց թվում իր ուրույն տեղն ունի «Եվրոպան»:

Նրա խոսքով՝ մրցույթի այս տարվա թեման վտանգված ազգային վայրի բնությունն է: Հայաստանի ներկայացրած նամականիշի դիզայնի հեղինակը Ռեմ Սահակյանն է:

Խոսելով քվեարկության մասին՝ Ալեքսանյանը նշում է, որ հանրությունը քվեարկում է առցանց տարբերակով, էական են նաև ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները:  Հաղթողը որոշվելու է և՛ ժյուրիի, և՛ հանրության ձայների գումարման արդյունքում:

Հետաքրքրվածները Հայաստանի նամականիշի օգտին կարող են քվեարկել՝ մուտք գործելով հետևյալ հղումով: Էջը բացելով՝ անհրաժեշտ է գտնել Հայաստանի նամականիշի լուսանկարը և սեղմել «Vote for this stamp» կոճակը, հետո լրացնել տվյալները (կարմիր աստղանիշով նշված դաշտերը), սեղմել կանաչ գույնի «Submit my vote» կոճակը, նշել  “I’m not a robot” դաշտը և սեղմել կանաչ գույնի “Submit Form” կոճակը:

«Սա շատ կարճ գործընթաց է, և յուրաքանչյուր էլեկտրոնային հասցեից կարելի է քվեարկել մեկ անգամ»,- նշում է Ալեքսանյանն ու հավելում, որ հաղթելու դեպքում հանձնվում է հատուկ սերտիֆիկատ և գեղեցիկ արձանիկ: Նա մրցույթի առաջին հնգյակում հայտնվելն արդեն իսկ հաջողություն է համարում:

Ֆիլատելիայի բաժնի ղեկավարը հիշեցնում է, որ Հայաստանը միշտ էլ պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել մրցույթին մասնակցելիս: 2019-ին Հայաստանի նամականիշը, որի վրա գյուղական ծիծեռնակ է պատկերված եղել, առաջին տեղն է զբաղեցրել, 2020-ին նամականիշի վրա պատկերված է եղել Գյումրին: Այդ տարի մեր երկիրը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Անդրադառնալով «ՀայՓոստի» Ֆիլատելիայի բաժնի արդեն իսկ կյանքի կոչած և առաջիկա ծրագրերին՝ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ վերջերս նորամուծություն են կատարել՝ թողարկելով Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված առաջին ձայնային նամականիշը: ARLOOPA հավելվածի միջոցով սկանավորելով նամականիշը՝  հնարավոր է տեսնել, թե Բաբաջանյանն ինչպես է նվագում հանրահայտ «Նոկտյուրնը»:  Նախատեսում են այլ հետաքրքիր նամականիշեր թողարկել, որպեսզի այն մարդիկ, որոնք հավաքորդ չեն, ևս հետաքրքրվեն նամականիշերով:

2020-ին նախաձեռնել են «Նամականիշերի թեմատիկ հավաքածուներ» նախագիծը: Թողարկել են «Հայաստան», «Հայկական եկեղեցիներ», «Հայաստանի ֆլորա և ֆաունա» և այլ հավաքածուներ՝ ներառելով նամականիշեր, որոնք այլևս չեն վաճառվում: Բուկլետները բացառիկ են, հրաշալի նվեր են և երկիրը ներկայացնելու միջոց:

«Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին թողարկելու ենք Հայաստանում առաջին թափանցիկ նամականիշը, որի վրա պատկերված կլինի Արարատ լեռը, Նոր տարվան նվիրված նամականիշը լուսային հատուկ էֆեկտներով կլինի. այն մթի մեջ կփայլի: Ցանկանում ենք նաև կլոր նամականիշեր թողարկել: Փորձում ենք օրիգինալ թողարկումներ ունենալ: Հետաքրքիր էր մեր կազմակերպած ֆիլատելիստական աճուրդը, որի շրջանակում նամականիշերի բացառիկ  հավաքածուներ ցուցադրեցինք: Այն շատ լավ արձագանք ստացավ: Տարեվերջին ևս մեկ մեծ ֆիլատելիստական միջոցառում ենք կազմակերպելու. հավանաբար ցուցահանդես կամ աճուրդ կլինի»,-պատմում է նա ու շեշտում, որ նամականիշերի ամենահետաքրքիր նմուշներից է Հայաստանում թողարկված առաջին նամականիշը, որի վրա պատկերված են Հայոց եռագույնն ու Արարատ լեռը:

Այն նվիրված է Հայաստանի առաջին  հանրապետության հռչակմանը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am